10/08/2026
Սիրելի՛ բնակիչներ,
ՀՀ կադաստրի պետական կոմիտեն չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչի արդյունքում էլ անընդհատ հետաձգվում է ձեզ հետ փոխանցման ակտերի կնքման գործընթացը։
ՀՀ Կադաստրի կոմիտեն չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով Ադոնց 2/5-ի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ շարունակելով դրսևորել համառ կամայականություն և, ըստ էության, չարաշահել իր լիազորությունները:
Ի՞նչ է տեղի ունեցել այս օրերին։
Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում, մասնավորապես, դատարանը որոշել է հայցի ապահովում ձեռնարկելու վերաբերյալ «Միկշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել:
Դատարանը ձեռնարկել է հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին կատարել ք․ Երևան, Ն․ Ադոնցի փողոց 2/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի նկատմամբ «Միկշին» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում։
Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից:
Նույն օրը դատարանի կողմից տրամադրվել է կատարողական թերթ՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու» որոշման կատարման պահանջի մասին։
«ՄԻԿՇԻՆ» ՍՊ Ընկերությունը Դատարանի կողմից կայացված Որոշման հիմքով ՀՀ կադաստրի կոմիտե է ներկայացրել ՀՀ, ք․ Երևան, Ադոնցի 2/5 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահանջի մասին դիմում։
Սակայն ՀՀ կադաստրի կոմիտեն ապօրինի կերպով չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով իրավունքի պետական գրանցումը:
Այսպիսով, լիազոր մարմնի կամայականության պատճառով սեփականության իրավունքի օրինական գրանցման գործընթացի շուրջ ստեղծված անորոշությունը մեզ համար այլևս անընդունելի է։
Մենք, գիտակցելով մեր պատասխանատվությունը ձեր առջև, ձեռնարկել ենք և շարունակում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ դուք տեղեկացված լինեք գործի ընթացքից։
Ստեղծված իրավիճակը տհաճ և մտահոգիչ է բոլորիս համար, և մենք պատրաստակամ ենք պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին, ձեզ հետ կիսվել գործի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերով, ներկայացնել գործի ընթացքն ու միասին քննարկել ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումներն ու հետագա քայլերը։
Նմանատիպ գործընթացներ են ձեռնարկվել նաև մյուս հասցեների շենքերի մասով, որոնցից յուրաքանչյուրին լրացուցիչ կանդրադառնանք։